Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար:
Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ, Բուսաբանական այգի, Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին: