07.02.2024

Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

116.jpg

Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային:

Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

64.jpg

Քորդավորները լայնորեն տարածված են երկրի վրա: Նրանք գրավել են բոլոր հիմնական կենսամիջավայրերը՝ հողայինջրային և ցամաքաօդային:

Քորդավորները բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությանը պատկանող բարձրագույն տիպն է: Այն բաժանվում է երեք ենթատիպերի՝ անգանգներիթրթուրաքորդավորների և ողնաշարավորների:

Անգանգների ենթատիպ

Այս ենթատիպն աղքատ է տեսակներով. հայտնի է ընդամենը 3 տասնյակ տեսակ, որոնք միավորված են գլխաքորդավորների դասի մեջ: Դրանք փոքրամարմին ծովային կենդանիներ են, ապրում են ավազուտ ծանծաղուտներում: Օժտված են քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկություններով:Թրթուրաքորդավորների ենթատիպ

Այս ենթատիպի ներկայացուցիչները քորդա ունենում են միայն թրթուրային զարգացման փուլում։ Մարմինը պարկանման է կամ տակառիկաձև՝ ամփոփված դոնդողանման թաղանթով՝ տունիկայով, որը կազմված է հատուկ նյութից՝ տունիցինից։ Հիմնականում ծովային կենդանիներ են: Հայտնի է թրթուրաքորդավորների 3 դաս, ավելի քան 1000 տեսակ։ Ներկայացուցիչը ասցիդիան է:

Ողնաշարավորների ենթատիպ

Այս ենթատիպում ընդգրկված կենդանիներն ունեն առանձին ողերից կազմված ողնաշար, գլխի կմախք՝ գանգ, տեղաշարժման զարգացած օրգաններ: Զարգացած նյարդային համակարգ:

Ողնաշարավորների ենթատիպն ունի հետևյալ դասերը՝ բոլորաբերանայիններիկռճիկային ու ոսկրային ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների:

Ձկներ

Ջրաբնակ ողնաշարավոր կենդանիներ են, հարմարվել են ակտիվ, շարժուն կենսակերպին: Ձկները շատ բազմազան են և կազմում են ողնաշարավորների տեսակների կեսից ավելին:

32.jpg

Երկկենցաղներ

Երկկենցաղները առաջին ցամաքաբնակ ողնաշարավոր կենդանիներն են: Այնուհանդերձ նրանք ձվադրում են ջրում և այստեղ է անցնում նրանց կյանքի թրթուրային շրջանը:

36.jpg

Սողուններ

Իսկական ցամաքային ողնաշարավոր կենդանիներ են: Նրանց մաշկը չոր է, պատված է եղջերային թեփուկներով: Բեղմնավորումը ներքին է: Դնում են խիտ թաղանթով պատված խոշոր ձվեր:

40.jpg

Թռչուններ

Թռչունները տաքարյուն ցամաքային ողնաշարավորներ են, հարմարվել են թռիչքին: Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, իսկ մարմինը պատված է փետուրներով: Դնում են կեղևով պատված ձվեր:

44.jpg

Կաթնասուններ

Կաթնասունները ցամաքային տաքարյուն կենդանիներ են, ձագերին կերակրում են կաթով: Պատված են մազածածկույթով: Մեծ մասն ունեն ներարգանդային զարգացում: Ունեն բարձրագույն զարգացած նյարդային համակարգ:

49.jpg

Քորդավորների կառուցվածքի յուրահատկությունները դիտարկենք առավել պարզ և ընդհանրական կառուցվածք ունեցող անգանգների ենթատիպի օրինակով:Գլխաքորդավորների դաս

Այս դասի ներկայացուցիչն է նշտարիկը, որն ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է երկսայր բժշկական գործիքի՝ նշտարի տեսք: Նա իր պոչի ծայրով խրվում է ավազի մեջ, իսկ մյուս ծայրը դուրս է ցցում կեր բռնելու համար:

Քորդան ձգվում է մարմնի ամբողջ երկարությամբ: Քորդան ճկուն լարի նման մարմնի համար ծառայում է որպես հենարան:

5.jpg

Մարսողություն և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:

Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:

Այսպիսով, նշտարիկի սննդառությունը և միջավայրի հետ գազափոխանակությունը կատարվում են միաժամանակ:

Արյունատար համակարգ

Նշտարիկի արյունը հոսում է անոթներով և չի լցվում օրգանների միջև եղած խոռոչները, այսինքն՝ ունի արյան շրջանառության փակ համակարգ: Նկատենք, որ թթվածնով հարուստ արյունը մեջքային անոթով հոսում է պոչային ծայր՝ դեպի բոլոր օրգաններ: Փորային անոթով ածխաթթու գազով հարուստ արյունը հոսում է դեպի գլխային ծայր՝ դեպի խռիկներ: Անձրևորդի նման նշտարիկը ևս սիրտ չունի, դրա դերը կատարում է փորային անոթը:

51-w1064.jpg

Արտազատության և սեռական համակարգ

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

Նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

Оставьте комментарий