Սողունների բազմացումը և զարգացումը
Սողունների սեռական օրգանները և դիմորֆիզմը
Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:
Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:
Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունը էգի մոտ:

Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.
- ձվազատում
- բեղմնավորում
- ձվի զարգացում
- ձվադրում
- ուղղակի զարգացում
Ձվազատում
Էգի սեռական օրգաններում՝ ձվարաններում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի վերին, ձագարաձև լայնացած մասը: Ձվատարը ձգվում է մինչև կոյանոց և բացվում դրա մեջ: Կատարվում է հասունացած ձվաբջջի ձվազատում, որը արդյունքում մնում է էգի օրգանիզմում:

Բեղմնավորում
Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը:

Ձվի զարգացում
Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:

Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:
Ձվի կառուցվածքային մասերն են.
- արտաքին ամուր թաղանթ
- սաղմնային թերթիկներ
- դեղնուցապարկ
- սաղմ
Դեղնուցի բաղադրության մեջ կան սաղմի աճման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Ձվի թաղանթները պաշտպանում են սաղմը արտաքին ազդեցությունից: Կճեպը ծակոտկեն է, որի շնորհիվ ձուն կատարում է նյութափոխանակություն: Ձվի մեջ՝ սաղմի շուրջ, զարգանում են սաղմնային թաղանթներ. դրանցից մեկը՝ ամնիոնը լցված է հեղուկով և ստեղծում է սաղմի զարգացման համար անհրաժեշտ ջրային միջավայր: Երկրորդ թաղանթը՝ ալլանթոիսը, հարուստ է արյունատար անոթներով և ապահովում է սաղմի շնչառությունն ու արտաթորությունը: Երրորդ թաղանթը՝ խորիոնը, սահմանազատում է սաղմնային մարմինը սպիտակուցային մարմնից և ապահովում դրանց միջև նյութափոխանակությունը: Սպիտակուցը հիմնական կիրառելի սննդային միջավայրն է, որից սաղմը ի վիճակի է կլանել պիտանի նյութեր և արտազատել արգասիքներ:Ձվադրում
Սողունները ձվերը դնում են ավազի, հողի մեջ, քարերի արանքում, տերևների տակ: Որոշ տեսակների ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը: Այդ դեպքում ձագերը դուրս են գալիս ձվերից անմիջապես ձվադրման պահին: Բազմացման այս ձևը կոչվում է ձվակենդանածնություն: Որոշ տեսակների սաղմը զարգանում է մոր ձվատարին ամրացած և պատված չէ ձվային թաղանթներով: Բազմացման այս ձևը կոչվում է կենդանածնություն: Որոշ սողունների արուներն ընդհանրապես չեն հանդիպում, և էգերը բազմանում են առանց բեղմնավորման՝ կուսածնությամբ:

Ուղղակի զարգացում
Լրիվ ձևավորված սաղմը, որը ամբողջական ձևավորված օրգանիզմ է, իր դնչի վրա գտնվող ատամիկով պատռում է ձվի թաղանթը և դուրս գալիս արտաքին միջավայր: Սողունների զարգացումը ուղղակի է՝ առանց կերպարանափոխության: Ձագերը ծնողների խնամքի կարիքը չեն զգում:
