վրաստան

Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են ՔարթլիիԻմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։ Արդյունքում ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինը դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակը ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները

Оставьте комментарий