10/11/2024

Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,- հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց
առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:

  • Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,- պատասխանեց նա:
    Տղան զարմացավ.
  • Ի՞նչ է դա նշանակում:
    Իմաստուն պապն ասաց նրան.
  • Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել:
    Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:
  • Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:
  • Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ
    խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան
    քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ
    առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով:

Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:

  • Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
  • Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
    երեխայի դաստիարակությունը:
  • Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
  • Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
    Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
    Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
    Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
    թռիչքին:
  • Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
    մարդը:
  • Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
    սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
    Անցան տարիներ:
    Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
    Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
    Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:
  • Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
    ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
    ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
    Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.
  • Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…

Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:

Оставить комментарий