ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա
դրված արգելքները։
Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։
Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։
Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք
կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։
Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և
աշխարհընկալման հիմքը բանականությունն է։
Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների
հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից)։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կլիմենտ XIV — Հռոմի պապ 1769-1774 թթ.։
Գրոտիուս — Հոլանդացի հումանիստ (1583-1645)։
Ջոն Լոկ — Անգլիացի հումանիստ (1632–1704)։
Լուսավորական շարժման նշանավոր գործիչներ՝
Ֆրանսիա — Ֆ. Վոլտեր, Դ. Դիդրո, Ժ. Ժ. Ռուսո, Շ. Մոնտեսքյո
Անգլիա և Շոտլանդիա — Ա. Շաֆտսբըրի, Դ. Հյում, Ա. Սմիթ
Իտալիա — Պ. Վերրի, Չ. Բեկկարիա
Գերմանիա — Յ. Հերդեր, Ի. Կանտ, Ֆ. Շիլլեր
Ի՞նչ է Լուսավորական շարժումը
XVII-XVIII դարերում եվրոպական երկրների առաջատար մտավորականությանը հուզում էին հասարակության քաղաքական և սոցիալական կարգի և մարդկանց իրավունքների հիմնախնդիրները: Նրանք գտնում էին, որ անձը և հասարակությունը ճանաչելու միակ միջոցը միտքն է։ Գիտության նվաճումները անհրաժեշտ է կիրառել ի շահ հասարակության զարգացման։ Այդ նպատակով պետք էր գիտելիքները ժողովրդականացնել։
Լուսավորական շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմը և ազատամտությունը։
Գրոտիուսը զարգացրեց դեռևս անտիկ ժամանակներում ստեղծված «Բնական իրավունքի տեսությունը»։ Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: Ջոն Լոկը կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Բնական իրավունքով զբաղվող առանձին մարդկանց գործունեությունը XVIII դ. դարձավ հզոր հասարակական շարժում: Հասարակության արդիականացման ուղիների որոնումները վերածվեցին սուր բանավեճերի, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ, նույնիսկ կանայք: Դրանք իմաստասերներ էին, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ և հասարակական գործիչներ:Լուսավորականությունը դարձավ համաեվրոպական հոգևոր երևույթ, որտեղ գլխավոր դերը խաղում էր Ֆրանսիան: Այդ շարժումն այնքան մեծ ազդեցություն ունեցավ, որ XVIII դարն անվանեցին Լուսավորության դար: Նորովի իմաստավորվեցին գիտությունը, մշակույթը, քաղաքականությունը և տնտեսությունը: Լուսավորական շարժումը տարածվեց նաև Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչ Դենի Դիդրոն (1713-1784) հրատարակեց «Հանրագիտարաններ» մեծ աշխատությունը (35 հատոր)։ Դրանցում ներկայացված էին մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր գիտելիքները (ընդգրկում է շուրջ 70 հազար բառ)։ Նույնպիսի աշխատություններ ստեղծվեցին նաև Անգլիայում և Գերմանիայում։ Լուսավորիչները գտնում էին, որ քրիստոնեությունը սխալների աղբյուր է, որի պատճառով մարդկանց մեջ առաջանում է սնահավատություն։ Նրանց կարծիքով աստված գոյություն ունի, սակայն նա ընդամենը ստեղծել է աշխարհը, իսկ դրանից հետո այլևս չի միջամտել մարդկանց գործերին:
Advertisement
Լուսավորականների հիմնական գաղափարները
Հասարակության վերափոխման կամ նոր հասարակության ստեղծման վերաբերյալ լուսավորական գործիչների տեսակետները կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական գաղափարների տեսքով.