
english

միջին դպրոց 7-9 դասարան

Հայոց պատմության XV դարն ավարտվում է իսլամ դավանող նոր ուժերի ասպարեզ գալով՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի։ Հայաստանը պատերազմի դաշտ դարձավ այս երկու տերությունների միջև։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար։ Հակամարտությունը շեշտված տնտեսական պատճառ ուներ. երկու կողմերն էլ ցանկանում էին իրենց ձեռքը գցել Հարավային և Արևելյան Ասիայից եկող ցամաքային առևտրական ճանապարհները, որոնք հսկայական եկամտի աղբյուր էին: Շահագործվում էին նաև կրոնական հակասությունները. պարսկական վերնախավը դավանում էր իսլամի շիա, իսկ օսմանյանը՝ սուննի:
Օսմանա-սեֆյան պատերազմներն ու Հայաստանը։ 1453 թ. նվաճելով Կոստանդնուպոլիսը և կործանելով Բյուզանդիան՝ օսմանցիներն իրենց հայացքն ուղղեցին դեպի արևելք։ Նպատակն էր գրավել Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Կիլիկիան, Հայաստանը, Սիրիան և Միջագետքը։ XVI դ. սկզբին օսմանցիները կործանեցին մամլուքների պետությունը։ Սակայն նրանց առաջխաղացումը հանդիպեց Սեֆյան պետության դիմադրությանը։ 1502 թ. Սեֆյանների առաջնորդ շահ Իսմայիլը կործանել էր ակ-կոյունլուներին և իր տիրապետությունը հաստատել Հարավային Կովկասի, Հայաստանի արևելյան հատվածի և Հյուսիսային Միջագետքի վրա: Օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղի և շահ Իսմայիլի զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1514 թ. Չալդրանի մոտ, որտեղ Սեֆյանների առաջնորդ շահ Իսմայիլը պարտություն կրեց։ Այդուհետ պատերազմը շարունակվեց փոփոխակի հաջողություններվ և որոշ ընդհատումերով տևեց մեկ դարից ավելի: Ռազմական գործողությունների հիմական թատերաբեմերից էր Հայաստանը: Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, կոտորվում էր ազգաբնակչությունը: Մեծ չափերի հասավ հայ ժողովրդի արտագաղթը դեպի Բալկաններ, Եվրոպա, Ղրիմ, Լեհաստան, Ռուսաստան:
Ամասիայի հաշտությունից մինչև Զուհաբի հաշտության պայմանագիրը։
1555 թ. մայիսի 29-ին Ամասիայում օսմանցիներն ու սեֆյանները կնքեցին հաշտության պայմանագիր, որով որոշվում էր երկու պետությունների միջև նոր սահմանագիծը։ Հայաստանի արևմտյան հատվածն անցավ Օսմանյան պետությանը, իսկ արևելյանը՝ Սեֆյան Պարսկաստանին։ Այս ընթացքում օսմանցիները մեծ թվով քրդեր և թյուրքախոս ցեղեր վերաբնակեցրին Հայաստանի տարբեր շրջաններում՝ նրանց սուննի դավանանքն օգտագործելով շիա Սեֆյանների ծավալապաշտության դեմ։ Խաղաղությունը, սակայն, երկար չտևեց։ Օսմանյան կայսրությունը նոր պատերազմ սկսեց և գրավեց ամբողջ Հայաստանը, Հարավային Կովկասը և տիրացավ Թավրիզ քաղաքին։ 1590 թ. երիտասարդ Շահ Աբբաս I-ը (1587-1629) ստիպված էր զիջել այդ տարածքները։
Այդուհետ Շահ Աբբասն ինքը սկսեց պատերազմի պատրաստվել. անգլիացիների օգնությամբ
ստեղծեց հզոր հրետանի, վերակազմավորեց պարսկական բանակը: 1603 թ. հարձակվեց Օսմանյան կայսրության վրա, վերագրավեց Թավրիզը, այնուհետև Երևանը և հասավ ընդհուպ Կարին։ Սակայն օսմանյան բանակը 1604 թ. անցավ հակահարձակման։ Շահ Աբբասը որոշեց ճակատամարտ չտալ, և պարսկական բանակը նահանջեց՝ ավերելով ու ամայացնելով հանդիպող բնակավայրերը։ Այդպես օսմանյան բանակը զրկվելու էր պարենից ու օթևանից, և կասեցվելու էր նրա առաջխաղացումը։ Արևելյան Հայաստանից (նաև Արևմտյան Հայաստանի մի շարք երկրամասերից) Շահ Աբբասն ավելի քան 300 հազար հայերի բռնի տարագրեց Պարսկաստան:
Այս իրադարձությունը հայտնի է «մեծ սուրգուն» («մեծ գաղթ») անունով։ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի մոտ Շահ Աբբասի հրամանով և հոգածությամբ հիմնվեց հայկական առանձին բնակավայր՝ Նոր Ջուղան: Այստեղ հաստատվեց բռնագաղթվածների փոքր մասը։ Հետագայում Նոր Ջուղայի վաճառականները կարևոր դեր խաղացին միջազգային առևտրում։ Օսմանա-սեֆյան պատերազերը որոշ ընդհատումերով շարունակվեցին մինչև 1639 թ., երբ կնքվեց Զուհաբի (Քասր-ը Շիրինի) հաշտության պայմանագիրը։ Հայաստանը կրկին բաժանվեց երկու տերությունների միջև։ Սահմանագիծը հետագայում էական փոփոխություններ չկրեց և պահպանվեց մինչև XIX դ. սկիզբը։