Рубрика: գրականություն

22.11.2023

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Անծանոթ բառեր չկան

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին: Լակմեն շատ ուրախ աղջիկ էր ինքնասեր,  Հայանթին՝ ուրախ, ինքնավստահ իսկ Լակմեն շատ տխուր, անինքնավստահ,տաղանդավոր և իմաստալից մարդ էր։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:  Ասելիքը այն է, որ ամեն  մի մարդ պետք  է այս կյանքում  հանդիպի և սիրրի իր նմանին ։

Рубрика: գրականություն

20.11.2023

16.11.2023

Աշխատանք դասարանում

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Рубрика: գրականություն

15.11.2023

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: Որպեսզի նա խելացի լինի

 Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

2. Բացատրի՛ր վերնագիրը: 

3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից: տղան շատ հետաքրքրված էր գրքերով և նա միշտ գիրքեր կարդում։

Рубрика: գրականություն

13․11․2023

Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Իմ կարծիքով այս ստեղծագործության բուն իմաստը կայանում է նրանում,որ մարդ իր ապրած ամեն մի օրը պետք է փորձի ապրել այնպես,որ հետագայում զղջալու և ափսոսալու քիչ պաճառներ ունենա և արդյունքում որքան հնարավոր է քիչ կորցրած օրեր ունենա

Рубрика: գրականություն

Մխիթար Սեբաստացու կրդալու ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 

Սեբաստացին կարդում էր ամեն օր, նա կարդում էր իմաստաբար ոչ թե նրա հասակակիցների պես կարդալ ուղակի ձանձրույթը անցկացնելու համար։ Նա որտեղ գնար իր գիրքը միշտ իր հետ էր տանում,  կարդում էր ամեն տեղ սենյակում, պարտեզում, հյուրասենյակում և նույնիսկ դրսում։

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 

Ես կարդում եմ  երբ ինձ հանձնարարում են,կարդում եմ  օրվա ընթացքում մի քանի էջ։Կարդացածս ամպայման պատմում եմ որպեսզի ամրապնդվի հիշողությանս մեջ։Երբ կարդում եմ առանձնանում եմ իմ ննջասենյակում և սիրում եմ,որ կարդալուս ընթացքում լռություն տիրի։Շատ եմ սիրում կարդալ հետաքրքիր և արկածային  պատմվածքներ։

Рубрика: գրականություն

31․10.2023

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Ինչպես նայես աշխարհին այնպիսինել աշխարհ կլինի քեզ համար

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Այսինքն դու ես քո արարքների  պատասխանատուն և պետք է ամեն հարցում հույսդ դնես ինքդ քեզ վրա։ Ինչ որ լինի քո կյանքում միայն դու ես այդ ամենի պատասխանատուն։

Рубрика: գրականություն

31․10․2023

Բուքը, երգը, երեխան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Հեղինակ՝ Վանո Սիրադեղյան

Իմ կարծիքով անարդար է երբ մարդուն անմեղ տեղը նեղացնում և վիրավորում են։ Փոխարենը պետք է մարդուն աջակցել, հասկանալ և օգնել։

Рубрика: գրականություն

Կոմիտասի գերազանց լսողությունը

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Рубрика: գրականություն

Խիղճ

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:

Նրանք ասացին, թե չգիտեն:

-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:

Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:

-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:

Բայց նրանք չուզեցին լսել:

Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:

-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:

Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:

Լուիջին թոթվեց ուսերը:

-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:

-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:

«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:

Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:

Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;

-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Հեղինակ՝ Իտալո Կալվինո

Рубрика: գրականություն

կանաչ առավոտ

Կանաչ առավոտը

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

Հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի