արեգակ

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։Օրական պտույտ է համարվում երբ երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ, իսկ տարեկան պտույտ է համարվում այն  երբ մոլորակը պտտվում է արեգակի շուրջը։

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։ Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր,այն ունի ձվածիր  տեսք։

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։ Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։